Արմինֆո. Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։
Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։