Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին Հայաստան կատարած այցի շրջանակում մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Համաժողովը կարևոր հարթակ է՝ անդրադառնալու համընդհանուր մարտահրավերներին և վերահաստատելու համագործակցությունը խորացնելու հանձնառությունը։ Կրոնական ազատությունների հարցերով քննարկմանը փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԳին հանդես եկավ որպես բանախոս», - ասվում է հաղորդագրությունում։
Դեսպանությունը նաեւ հաղորդում է, որ Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու։