Արմինֆո. Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջել է Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկել է արծաթափայլ եղևնի: