Արմինֆո. Երեւանում մայիսի 26-ին մեկնարկած «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ:
Ողջունելով հյուրին Երեւանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ համաժողովն արդյունավետ հարթակ է քննարկելու առկա մարտահրավերներին դիմակայելուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Նա կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն ակտիվացնելու առաջնահերթությունը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Գժեգոժ Շչետինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու հարցում:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լեհական միջխորհրդարանական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության ու երկարատեւ խաղաղության հաստատման հարցերին: