Արմինֆո. Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է Հայաստանի զավթման ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը: Այդ մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում միջազգային խորհրդաժողովի անցկացումն ու դրա ժամանակ հնչած պահանջները։
Ինչպես ընդգծել է Թաթոյանը, Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ «Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով», - նշում է նախկին օմբուդսմենը:
Նա ընդգծել է, որ Անկարան եւ Բաքուն, այսպես կոչված, վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: «Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»: Ներկայացված պահանջներն են` փոփոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից: Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում: Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը», - նշել է Արման Թաթոյանը:
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, իր հերթին, հիշեցրել է, որ այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել:
«Ադրբեջանի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։
Ավելին, Ալիևը նշել է, որ ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր։
Վերջինիս խոսքերով, Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին:
Թուրքիայիում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դա ակնհայտ փաստ է, իսկ դրա հարցի լուծումը ժամանակի հարց:
Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին», - նշել է Տիգրան Աբրահամյանը: