Արմինֆո. Մայիսի 23-ին Հայաստանի 1500 դպրոցներում կհնչի "Վերջին զանգը": ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում շրջանավարտներին կոչ է արել համարձակ գնալ իրենց երազանքների ու նպատակների հետևից:
«Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, և իրականում վերջին զանգը պետք է լինի քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։
Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են՝ իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար. ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։
Այդ հույզերի մեջ կան ձեր ընկերները՝ միասին անցկացրած օրերի ջերմությամբ։ Ձեր համատեղ դասերն ու նախագծերը, էքսկուրսիաները և ուղղակի միասին անցկացրած ժամանակը, որը ժպիտների, արցունքների, ծիծաղի, շփոթվածության ու գուցե նաև վախերի ժամանակ է։ Ջերմ գրկեք ձեր ընկերներին։
Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։
Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի՜ երթ», - ասվում է ԿԳՄՍ նախարարի ուղերձում։