Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար գողանալու գործով կա ձերբակալված, հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ Երևանում Հայաստանի քննչական կոմիտեի շենքից գողացել են իրեղեն ապացույց 590 հազար դոլար: Նշվում էր, որ չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, գտնվել է 6-րդ հարկում, ուր չարագործը մուտք է գործել քննիչի կեղծ անցագրով: Պարբեականի տեղեկություններով ՝ ձերբակալվել է ՔԿ գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը: