Արմինֆո.Մոսկվայում տեղի է ունեցել հայ քարտեզագիր Զատիկ Խանզատյանի ստեղծած "Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի" վերահրատարակության շնորհանդեսը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Մոսկվայի հայկական թանգարանի մամուլի ծառայությունը, ատլասը ներառում է շուրջ 500 քարտեզ, որոնք ընդգրկում են հայոց պատմության հիմնական ժամանակաշրջանները ' հին Բաբելոնից մինչև մեր օրեր: Ատլասը հրատարակվել է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով և զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով:
"Ատլասում տեղ են գտել տարբեր պատմական դարաշրջանների քարտեզներ՝ սկսած անտիկ շրջանից, միջնադարից և ընդհուպ մինչև Օսմանյան շրջան։ Դրանք արտացոլում են Հայաստանն իր պատմական սահմաններով և համապատասխան անվանումներով ՝ ընդգծելով երկրի բազմադարյա պատմությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի աշխարհի առաջին հայտնի քաղաքական քարտեզներից մեկի ՝ Բաբելոնյան քարտեզի ընդգրկումը, որտեղ Հայաստանը նշված է Բաբելոնի և Ասորեստանի հետ միասին", - ընդգծել են թանգարանում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, շնորհանդեսի ընթացքում պատմաբաններն ընդգծել են քարտեզի կարևորությունը ժամանակակից տեղեկատվական դիմակայությունում ՝ պատմական փաստերը տեղ հասցնելու տեսանկյունից: "Ատլասի գիտական ճշգրտությունն ու բազմալեզու բնույթը, ինչպես նաև մանրամասն փաստագրական ներկայացումը այն դարձնում են արժեքավոր գիտաքաղաքական աղբյուր, հատկապես արդիական՝ ժամանակակից տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում", - նշել են Մոսկվայի հայկական թանգարանում:
Աղբյուրի համաձայն, վերահրատարակված ատլասի օրինակները փոխանցվել են Ռուսաստանի առաջատար թանգարաններին, կրթական և հայագիտական կենտրոններին, իսկ առաջիկայում կնվիրաբերվեն նաև այլ երկրների մշակութային հաստատություններին: Վերահրատարակությունն իրականացվել է «Թեքեյան» մշակութային միության նախաձեռնությամբ՝ բարերար Ռուբեն Գրիգորյանի աջակցությամբ: