Արմինֆո. Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան՝ Հայաստանի կոնյակի ճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավելի քան 40 օր հայկական ալկոհոլային արտադրանքի բեռները, որոնք տարանցիկ երկրով (Վրաստանով) ուղևորվում էին Ռուսաստան և Բելառուս, կանգնած են հայ-վրացական սահմանին ՝ սպասելով որակի ստուգման և խախտումների հայտնաբերման լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Հայկական կողմի հավաստմամբ՝ տարանցիկ պետությունը նման գործողությունների իրավունք չունի։ Եթե Վրաստանի ներկայացուցիչները հայկական բեռները կասկածում են մաքսանենգության առնչությամբ, ապա, ինչպես նշել են արտահանողները, նրանք պետք է ստուգեն եւ բաց թողնեն մեքենաները, եթե որեւէ խնդիր չի հայտնաբերվում: Բայց մեքենաները տեւական ժամանակ կանգնեցնելը եւ արտադրանքի որակի ստուգումը չի մտնում տարանցիկ պետության լիազորությունների մեջ:
Օրեր առաջ ՀՀ-ում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նրա ղեկավար Գեորգի Շարվաշիձեն համաձայնել էր ընդունել մի քանի կոնյակ արտադրողների՝ նրանց բողոքները լսելու համար: Հանդիպման արդյունքում դիվանագետը խոստացել էր, որ պաշտոնական Թբիլիսին պարզաբանումներ կտրամադրի առաջիկա երկու օրվա ընթացքում: Այդպես էլ եղել է։ Մի շարք վրացական ԶԼՄ-ներում հրապարակվել է Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ սահմանին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հսկիչ ընթացակարգեր մաքսակետերում, որոնք իրականացվում են ստանդարտ կարգով, իսկ բեռնատարների կուտակում չի նկատվում:
Նման պատասխանը չի բավարարել հայկական կողմին։ Այսօր կրկին Վրաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը պսակվել է հայ արտադրողներից մեկի եւ Վրաստանի հյուպատոսի ու դեսպանատան մի շարք աշխատակիցների հանդիպմամբ: Քննարկումների արդյունքում "Շահնազարյան" կոնյակի գործարանի ղեկավար Հայկ Շահնազարյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ ձեռնարկությունների հավաքված աշխատակիցներին հաղորդել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում իրենց խորհուրդ են տվել դատի տալ վրացական կողմին տեղի ունեցածի առնչությամբ:
Դրանից հետո Շահնազարյանը դեսպանատան աշխատակիցներից պահանջել է դուրս գալ ակցիայի մասնակիցների մոտ և այդ ամենն ասել նրանց։ Քանի որ պահանջը չի կատարվել, նրանք փակել են ճանապարհը, այնուհետև որոշում են կայացրել շարժվել դեպի ՀՀ կառավարության շենք: