Արմինֆո. Մայիսի 21-ին քաղաքացիների մի փոքր խումբ պիկետ էր կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Իր արևմտամետ դիրքորոշմամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր, "Հանուն հանրապետության" կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ ակցիան կազմակերպվել է ի պատասխան Ռուսաստանի քաղաքականության: Նա, մասնավորապես, Մոսկվային մեղադրել է, իբր, Արցախը հանձնելու և Ադրբեջանի ագրեսիան հրահրելու համար, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման։ Նախկին պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս են կազմում:
Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչը հրաժարվել է ընդունել, որ Արցախում ստեղծված իրավիճակի համար, առաջին հերթին, պատասխանատվություն է կրում Հայաստանում գործող իշխանությունը: "Ակցիայով մենք ցանկանում ենք ցույց տալ մեր վերաբերմունքը Ռուսաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ", - եզրափակել է Բաբաջանյանը:
Նշենք, որ մեկ օր առաջ, այսպես կոչված, "Եվրադաշինքը" Լավրովի Երևան այցի ֆոնին Հայաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ: Իր հերթին՝ "Հանուն հանրապետության" ռուսատյաց կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Երևանում ՌԴ դեսպանատան առջև իրականացված սադրիչ ակցիայի մասին:
Նշենք, որ նախօրեին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամերիկյան հետք է տեսել Երևանի կենտրոնում կազմակերպված ռուսատյացության ակցիայում: