Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ծանոթացել են Սյունիքի մարզի խնդիրներին:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված և լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են նաև Ալվանք և Շվանիձոր բնակավայրեր: Բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ են տեղի ունեցել ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Պաշտպանը ծանոթացել է ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին, աշխատանքային պայմաններին: Վարչական ղեկավարների և բնակիչների հետ քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնավորապես` ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման, կրթության իրավունքի, զբաղվածության և այլ հարցերին առնչվող:
Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն` առաջարկելով դրանց համար լուծումներ:
Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել նաև «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների և շահառուների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց խնամող ծնողների իրավունքներին, բժշկական ծառայությունների հասանելիության երաշխավորմանն առնչվող և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: