Արմինֆո. Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է: Հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով:
Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: