Արմինֆո. Երբ կառավարության ղեկավարի կինը՝ թեև պաշտոնական դիրք չունենալով, բայց փաստացի զբաղեցնելով առանցքային հրապարակային դեր, մարդկանց քննադատությանը հակադարձում է «ոջիլ», «տխմար», «տգետ», «անդաստիարակ» բառերով, ապա խնդիրը վեր է սովորական էմոցիոնալ արձագանքից։ Այդպիսի կարծիք է հայտնել փաստաբան Արսեն Բաբայանը:
«Սա քաղաքական շեղման, հանրային պաթոլոգիայի և քաղաքացիական արժանապատվության հետևողական խեղման դրսևորում է։ Իշխանության վերնախավի ընտանիքից հնչող նման խոսքը վկայում է ոչ թե ուժի, այլ դատարկության մասին։ Երբ փաստարկի փոխարեն կիրառվում է պիտակ, իսկ հակափաստարկի փոխարեն՝ նվաստացում, այդպիսի դրսևորում ցուցաբերողը դառնում է ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր։ Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեր մոտ երբևէ չստացված...», - գրել է Արսեն Բաբայանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ընդ որում, փաստաբանը նշել է, որ եթե, օրինակ, Ֆրանսիայում նախագահական ընտանիքի անդամը (օրինակ՝ առաջին տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը) հանրային գրառումներում օգտագործեր նման բառեր՝ «տխմար», «ոջիլ», «ղզիկ», «համբալ», հատկապես հանրային դեմքերի, քաղաքական ընդդիմախոսների կամ պատերազմի մասնակիցների նկատմամբ, ապա հետևանքները կլինեին համակողմանի, ցնցող և երկարատև՝ ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական, միջազգային, նույնիսկ՝ կենցաղային/մշակութային մակարդակներով։
«Ֆրանսիայում նման խոսքը կդիտվեր որպես հանրային էթիկայի կոպիտ խախտում, կբերի քաղաքական ճգնաժամի, հասարակական վրդովմունքի ալիքի, և կարող է նաև ազդել նախագահի վարկանիշի վրա։ Այսպիսի միջադեպը երբեք չէր կարող մնալ պարզապես «ֆեյսբուքյան գրառում»։ Այն կդառնար պետական հեղինակության ճգնաժամի ցուցիչ», - նշել է Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի տիկինը սկսել է անբարյացակամ արտահայտվել նրանց մասին, ովքեր քննադատում են իրեն և իր գործունեությունը ։ Ընդ որում, դատելով Facebook-ում նրա գրառումներից, Հակոբյանը տերմինաբանության առնչությամբ ջանք չի խնայել։ Որոշ փորձագետներ հակված են կարծելու, որ Հակոբյանը նման կերպ փորձում է հայ հասարակության ուշադրությունը շեղել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ իր ամուսնու նվաստացուցիչ հանդիպումներից՝ Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում: