Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավորները որոշեկ են չմիանալ ՀՀ վարչապետի պաշտոնի համար "Լուսավոր Հայաստան" կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Այդ մասին ասված է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունում:
«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։
Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։
Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության շրջանակներում Մարուքյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին օրերս հայտարարել էին Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանը (Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության վարչության անդամ) և Հակոբ Ասլանյանը:
Ապրիլի 28 - ին "Արթուն ենք" շարժման անդամներն անհատական նամակներ էին ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավորներին ՝ 10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ: Նախաձեռնությանը սատարելու մասին հայտարարել էին ընդդիմադիր "Հայաստան" (28 պատգամավոր) և "Պատիվ ունեմ" (6 պատգամավոր) խմբակցությունները: Մինչդեռ, գործող վարչապետին անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե առնվազն 36 պատգամավոր ներկայացնի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է, առնվազն, 54 ձայն (պատգամավորների պարզ մեծամասնությամբ)։ Մարուքյանի թեկնածության շուրջ քննարկումներին մասնակցելուց "Պատիվ ունեմ" խմբակցության հրաժարումից հետո գործընթացը կարելի է համարել ձախողված: