Արմինֆո.Մեր այցը Երևանի և Նիկոսիայի միջև գերազանց հարաբերությունների վկայություն է։ Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել Է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դեմետրիուի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ կա հաստատված համագործակցություն, համատեղ առաջ են քաշել ընդհանուր շահերը: "Կիպրոսն ու Հայաստանն ունեն ընդհանուր սկզբունքներ և արժեքներ, մենք պայքարում ենք նույն իրավունքների համար", - ասել է նա:
Միաժամանակ, ինչպես կարծում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, անհրաժեշտ է խթանել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը:
Նա խիստ հուզական է որակել երեկվա այցը Հայաստանի Արագածոտնի մարզ, որտեղ Կիպրոսի պատվիրակությունը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված և մարզի տարբեր համայնքներում հաստատված ընտանիքների հետ:
Ինչպես նշել է Դեմետրիուն, չի կարելի մոռացության մատնել "այն, ինչ տեղի է ունեցել և ինչ է կատարվում Հայաստանում, և միջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն ՀՀ-ի նկատմամբ": Նրա հավաստմամբ՝ Նիկոսիան աջակցում է ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու Երևանի ջանքերին, քանի որ Հայաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին:
Բացի այդ, երկու երկրների խոսնակները քննարկել են հարցեր, որոնց վերաբերյալ Կիպրոսը որոշակի մտահոգություն ունի:
<Հայաստանի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել Կիպրոսի հարցի կարգավորմանը համապատասխան բանաձեւերի շրջանակներում: Մենք մեր կողմից ցանկանում ենք խաղաղության շուտափույթ հաստատում տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև>, - ասել է նա, հույս հայտնելով, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։