Արմինֆո. Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ քաղաքական օրակարգում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ Հունգարիայի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ հանդիպմանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, մայիսի 14-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ խորհրդարանում ռուսական համայնքը ներկայացնող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
«Մոտ օրերս Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը եւ հույս հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում:
Պատգամավորը խոսել է Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունների կարեւորությունից, բարձր գնահատել երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը, ինչը կնպաստի ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:
Ռուստամ Բաքոյանը հյուրերին տեղեկացրել է Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների՝ խորհրդարանում ներկայացուցիչներ ունենալու մասին՝ նշելով, որ վերջիններս մշտապես բարձրացնում են իրենց համայնքներին հուզող խնդիրները:
«Կարծում եմ, որ կողմերի միջեւ համագործակցությունն ու փորձի փոխանակումը կնպաստեն խորհրդարան-ազգային փոքրամասնություններ կապի ամրապնդմանը»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահը:
Հունգարիայի Ազգային ժողովի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը խոսել է Հունգարիայի խորհրդարանում իրենց ծավալած գործունեության մասին, կարեւորել երկկողմ գործակցությունը: