Արմինֆո. ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում Է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում ձեռք բերվեց հաղթանակ նացիզմի դեմ։ Մենք հարգում և հիշում ենք այս սուրբ ամսաթիվը:
Դաշնակիցների կոալիցիայի զենքի ուժով ռասայական գերակայության և մարդատյացության գաղափարների նկատմամբ ձեռք բերված հաղթանակը որոշում է քաղաքակրթության ճակատագիրը մոլորակի մասշտաբով և չի կարող մոռացվել:
Այդ տարիների ողբերգական իրադարձությունների և հանուն ապագա սերունդների խաղաղության ու բարգավաճման մարտնչած ու զոհված միլիոնավոր մարդկանց սխրանքի պատմական հիշողության պահպանումը մեր ընդհանուր պարտքն է: Կտրականապես անընդունելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման կամ խեղաթյուրման փորձերը, նացիզմի ջախջախման գործում Խորհրդային Միության ժողովուրդների և եվրոպական երկրների ազատագրական շարժումների մասնակիցների դերի նսեմացումը։
Անթույլատրելի են նացիստների և նրանց հանցակիցների վերականգնմանն ու հերոսացմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:
Նյուրնբերգյան տրիբունալի որոշումների համաձայն, որոնք իրավաբանորեն ամրագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի նվաճումները, նացիստների և նրանց հանցակիցների հանցավոր արարքները վաղեմության ժամկետ չունեն: Խստորեն դատապարտում ենք հաղթանակի զոհասեղանին կյանք դրած ցանկացած ազգության ազատամարտիկների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը, որտեղ էլ որ լինեն այդ հուշակոթողները:
Սգում ենք նացիոնալ-սոցիալիզմի զոհերի համար։ 1945 թվականին նացիզմի դեմ տարած հաղթանակը հիմք դրեց 1975 թվականի օգոստոսին ստորագրված ԵԱՀԽ եզրափակիչ ակտին։
Նշում ենք միջազգային հանրության գերակշիռ մասի վճռականությունը՝ թույլ չտալու անցյալի ողբերգական սխալների կրկնություն և ապագան կառուցել միավորող հիմքերի վրա ։ Այս կապակցությամբ ողջունում ենք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված "պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ պրակտիկաների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը" բանաձևը։
Կոչ ենք անում բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կերտողների հիշատակը, չմոռանալ ընդհանուր պատմության դասերը, ամեն կերպ աջակցել նեոնացիզմի ցանկացած դրսևորման և դրա հերոսացման դեմ պայքարի ջանքերին: Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի":