Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահն ընդգծել է. "Մեր երկրներում սրբորեն հարգում են հայրերի ու պապերի փառավոր սխրանքների ու մեծ զոհերի հիշատակը, որոնք ուս ուսի արիաբար մարտնչել են նացիստական զավթիչների դեմ եւ անձնվիրաբար աշխատել թիկունքում: Մեր սրբազան պարտքն է խնամքով պահպանել հաղթողների սերնդի պատգամները։ Ուստի շատ կարեւոր է անզիջում կերպով կանխել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների եւ նրանց հանցակիցների գործած չարագործությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ"։
Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք:
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները, թույլ չտալ մոռացության մատնել ընդհանուր պատմական ժառանգությունը և տարաձայնություններ սերմանել բարեկամ ժողովուրդների միջև: