Արմինֆո. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հրապարակած "Մարդկային զարգացման մասին զեկույց 2025" - ում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:
ՄԱԶԾ երևանյան գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, մարդկային զարգացման առաջընթացն աննախադեպ դանդաղել է՝ համաձայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից այսօր հրապարակված Մարդկային զարգացման նոր զեկույցի: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը վերակենդանացնել զարգացումը:
2020-2021թթ․ բացառիկ ճգնաժամերի ժամանակահատվածից հետո կայուն վերականգնում տեսնելու փոխարեն, զեկույցը բացահայտում է անսպասելիորեն թույլ առաջընթաց:
2025թ․ Մարդկային զարգացման զեկույցը՝ «Ընտրության հարց. մարդիկ և հնարավորությունները արհեստական բանականության դարաշրջանում», վերլուծում է զարգացման առաջընթացը մի շարք ցուցանիշների միջոցով, որոնք հայտնի են որպես Մարդկային զարգացման համաթիվ (ՄԶՀ), որը ներառում է առողջության և կրթության բնագավառում ձեռքբերումները, ինչպես նաև եկամուտների մակարդակները:
2024թ․ կանխատեսումները ցույց են տալիս ՄԶՀ-ի առաջընթացի դադարեցում ամբողջ աշխարհում:
Զեկույցը ներկայացնում է 2023թ․ ՄԶՀ-ն 193 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։
2023թ․ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը 0,811 է, որի շնորհիվ երկիրը դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ 193 երկրների և տարածքների շարքում զբաղեցնելով 69-րդ տեղը։
1990-ից մինչև 2023թ․ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշն աճել է 22,3 տոկոսով՝ 0,663-ից մինչև 0,811։ 1990-2023թթ․ Հայաստանում կյանքի տևողությունն աճել է 8,0 տարով, միջին կրթությունն աճել է 1,6 տարով, իսկ ակնկալվող դպրոցական տարիներն աճել են 3,2 տարով։ Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2023թթ․ ընթացքում աճել է մոտ 229,3 տոկոսով։