Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցությունը տապալել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը: Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել ընդամենը 28 պատգամավոր, դեմ՝ 47, մեկ ձեռնպահ:
Ինչպես իր ելույթում նշել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իշխանական կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել, քանի որ ընդդիմության նախաձեռնությունն ուղղված էր ոչ թե Էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն, այլ՝ կառավարող կուսակցության դեմ: "Նախաձեռնությունն, ըստ էության, որևէ առնչություն չունի էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի հետ ։ Սա ընդդիմության հերթական փորձն էր բարոյական կոնցեպտի տրաֆիկի վերաբերյալ։ Իրականում, էթիկան և դուք նույնքան հեռու եք, որքան Մոնիկա Բելուչին և Գառնիկ Դանիելյանը", - ասել է պատգամավորը՝ դիմելով ընդդիմությանը։
Իր հերթին՝ ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ այսօրվա քվեարկությունը հերթական անգամ հաստատեց այն փաստը, որ երկրում կառավարող խմբակցությունը հրաժարվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծման գաղափարը քննարկելուց: "Սա վերահաստատում է ընդդիմության մտահոգություններն առ այն, որ բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից", - նշել է ընդդիմադիրը: