Արմինֆո. Ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցությունը պատրաստ է պաշտպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, եթե "Հայաստան" դաշինքը նրան առաջադրի վարչապետի պաշտոնի համար: Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չի նախաձեռնվել համապատասխան թեկնածության բացակայության պատճառով: Մամիջանյանը, սակայն, վստահեցրե է, որ այս հարցում որևէ նախապայման չկա:
"Մենք պատրաստ ենք այդ գործընթացը սկսել իրական ընդդիմադիրի, ցանկացած թեկնածուի հետ։ Մենք բաց ենք զրոյական հավակնություններով թեկնածության քննարկման համար, ինչպես դա տեղի է ունեցել վերջին յոթ տարիների ընթացքում։ Դա է միակ պատճառը, որն այս պահին մեզ հետ է պահում նախաձեռնությունը ստորագրելուց և շրջանառության մեջ դնելուց", - վստահեցրել է ընդդիմադիրը։
Խոսելով տվյալ գործընթացի հնարավոր արդյունավետության մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ երբ խոսքը վերաբերում է հանուն Հայրենիքի պայքարին, հույս դնել այս կամ այն գործողության հաջողության վրա իմաստ չունի: Նա բացատրել է, որ իրենց ռազմավարությունը բոլոր առկա գործիքներն օգտագործելն ու գործողություններն առավելագույնի հասցնելն է՝ բուն գործընթացն սկսելու համար: "Կստացվի դա, թե՝ ոչ, մենք նման հաշվարկներ չենք անում։ Բայց մինչ օրս նման նախաձեռնություններ չեն եղել", - պարզաբանել է պատգամավորը, վստահեցնելով, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդ վարչապետին համարում է դավաճան:
Հիշեցնենք, որ այսօր "Մենք արթուն ենք" քաղաքացիական շարժման ՝ Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակին պատասխան նամակում ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավորները պատրաստակամություն էին հայտնել աջակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքացիական նախաձեռնությանը: Միաժամանակ, պատասխանում նշվում է, որ խմբակցությունում այս պահին վարչապետի այլընտրանքային թեկնածու չկա: Այդուհանդերձ, ընդդիմադիր խորհրդարանականների խումբը պատրաստ ՝ առանց որևէ նախապայմանի քննարկել այդ թեկնածությունը և սկսել անվստահություն հայտնելու գործընթացը։