Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցությունը պատրաստ է աջակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքացիական նախաձեռնությանը: Այդ մասին ասված է "Մենք քնած չենք" քաղաքացիական շարժման նամակին խմբակցության պատգամավորների պատասխան ուղերձում։
"Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի Facebook-յան էջում զետեղված պատասխան ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ ներկայումս վարչապետին և նրա գլխավորած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն իշխանությունից հեռացնելու ամենահարմար եղանակն իմփիչմենթի հարցը ԱԺ օրակարգ բերելն է: Միաժամանակ, պատասխանում նշվում է, որ խմբակցությունում այս պահի դրությամբ վարչապետի այլընտրանքային թեկնածու չկա: Այդուհանդերձ, ընդդիմադիր խորհրդարանականները պատրաստ են առանց որևէ նախապայմանի քննարկել այդ թեկնածությունը և սկսել անվստահություն հայտնելու գործընթացը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Մենք քնած չենք" քաղաքացիական շարժման նախաձեռնողներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու առաջարկով նամակ էին հղել ԱԺ պատգամավորներին: Սակայն այդ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ ընդդիմությանը պակասում է երկու ձայն, որոնք նրանք ցանկանում են ստանալ իշխող խմբակցությունում, ինչը խիստ կասկածելի է թվում: