Արմինֆո. Դրսից մեծ գումարներ են ծախսվում, փողը գալիս է դրսից, մասնավորապես, հյուսիսային հարևանից՝ Ռուսաստանից։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և հայ ժողովրդի շրջանում իշխանությունների նկատմամբ վստահության հնարավոր կորստին:
Նրա խոսքով՝ այդ հիբրիդային պատերազմը պարբերաբար ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական տարբեր հեռուստաալիքներով հայկական ազգանուններով ինչ-որ փորձագետներ փորձում են "փոխել իշխանությունը ՀՀ-ում", հայտարարել հանրահավաքներ եւ այլն:
ԱԺ նախագահը համոզված է, որ այդ փորձերը կակտիվանան մինչև 2026 թվականի ընտրությունները և հակառակ էֆեկտ կունենան, իսկ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության վարկանիշը կկրկնապատկվի, ինչի համար ՔՊ-ում "շնորհակալ կլինեն":
"Հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին։ Ես դա պնդում եմ փորձից ելնելով. իշխանափոխության գերնպատակներ դրվել են 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր՝ տարբեր բևեռների կողմից, - ընդգծել է նա։
Ընդ որում, հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն անցանկալի ՌԴ-ի համար, Սիմոնյանը պատասխանել է. "Ինչու՞ է անցանկալի։ Մեր գործընկերները պնդում են հակառակը":
Ճշտող հարցին, թե՝ եթե հակառակն են ասում, ապա ինչու ձգտել իշխանափոխության, Սիմոնյանը հայտարարել է, որ շատերի համար անընդունելի է ժողովրդի կողմից ընտրված իշխանության առկայությունը հետխորհրդային տարածքում, "նման նախադեպը չափազանց քիչ է այդ տարածքում, եւ դա վատ օրինակ է":
Բացի այդ, ՀՀ-ն հստակ քայլեր է անում սեփական անկախության և ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու համար, ինչը շատերին դուր չի գալիս։ "Քանի որ այն միշտ պետք է կախված լինի ինչ-որ կենտրոնից, ունենա մեծ եղբայր և մտածի, որ առանց մեծ եղբոր կամ գերտերության իրեն կուտեն, իսկ իր գոյությանը պարտական է նրան: Այդ իրականությունն այսօր վերանում է։ Սա տհաճ իրավիճակ է, քանի որ Հայաստանն այլևս կառավարելի չէ, իսկ դա անհրաժեշտ էր, որպեսզի ՄԱԿ-ում և այլ հարթակներում Հայաստանը քվեարկի այնպես, ինչպես իրենք են ցանկանում, պաշտպանի շահերը, պատերազմը, տարբեր իրողություններ", - եզրափակել է Ալեն Սիմոնյանը: