Արմինֆո. Մետրոյի "Սուրմալու" կայարանի կառուցման նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթի հայտարարումը ձգձգվել է, քանի որ նախագծում կներառվեն Քրիստափոր կամրջի վերակառուցման աշխատանքները: Այդ մասին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ընթացքում հաղորդել է Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
Նա նշել է, որ նման որոշում է կայացվել մետրոպոլիտենի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, ինչը նոր հանգամանքներ է ի հայտ բերել՝ կապված Քրիստափոր կամրջի տեխնիկական վիճակի և անվտանգության հետ: Հետևաբար, տեխնիկական առաջադրանքում ներառվել է նաև կամուրջը, հաշվի առնելով, որ այն տարածքը, որտեղ անցկացվելու է մետրոյի կայարանի կառուցումը, ազդեցություն կունենա նաև դրա շահագործման վրա։ Բաբայանը վստահեցրել է, որ մրցույթը կհայտարարվի արդեն այս շաբաթ։
Միաժամանակ, քաղաքապետի խորհրդականը տեղեկացրել է, որ ընթացիկ շաբաթ կառավարության քննարկմանը կուղարկվի նաև ներդրումային ծրագիրը: Ֆինանսավորման աղբյուրների նույնականացման դեպքում կսկսվեն նախագծային աշխատանքները։ Իսկ մինչև մայիսի վերջ, ինչպես նշել է նա, արդեն նախագծի էսքիզի մրցույթ կհայտարարեն։
Նշենք, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է տեղակայվելու մետրոյի "Սուրմալու" կայարանը, և որքան կարժենա նախագիծը: Ենթադրվում է, որ այն կտեղակայվի մետրոյի երկու գործող "Սասունցի Դավիթ" և "Զորավար Անդրանիկ" կայարանների միջև՝ ապահովելով երթևեկություն դեպի "Սուրմալու" և "Փեթակ" առևտրի կենտրոններ: Դա կօգնի բեռնաթափել տրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ տարածքում։