Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել 4 անշարժ գույք, 330 միլիոն դրամ: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար», - նշվում է հաղորդագրությունում: