Արմինֆո. Հայաստանի ջախջախումից և, ըստ էության, երկրի նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատումից, Սիրիայի ջախջախումից և նրա նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումից հետո Թուրքիան, որոշակիորեն, անցել է Կիպրոսին։ Նման կարծիք է հայտնել կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Փորձագետը, մեկնաբանելով Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս և այնտեղ արված հայտարարությունները, նշել է, որ Թուրքիայի առաջնորդը "Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության" ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սեփական կյանքի գնով Հյուսիսային Կիպրոսը պաշտպանելու պատրաստակամության մասին:
Իգիթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, պատասխանելով Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդի "հակաթուրքական արտահայտությունների" եւ "Հարավային Կիպրոսում ԷՕԿԱ ահաբեկչական կազմակերպության վերածննդի նշանների" մասին հարցին, Էրդողանը կոշտ դիրքորոշում է հայտնել. "Պատմությունից դասեր չքաղող հասարակությունները դատապարտված են կրկնելու նույն սխալները: Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խախտում է Կիպրոսում խաղաղության լեզուն և վտանգում ապագա սերունդներին։ Նրանք, ովքեր դիմում են ահաբեկչության, ովքեր անտեսում են Կիպրոսի թուրքերին, պետք է իմանան, որ բախվելու են էլ ավելի ուժեղ Թուրքիայի հետ։ Լարվածությունը մեծացնող արտահայտությունների փոխարեն կառուցողական և միավորող լեզվի կիրառումն ավելի օգտակար կլինի կղզու ապագայի համար"։
Էրդողանը նաև հավաստիացրել է, որ "եւ Թուրքիան էլ այն նախկին Թուրքիան չէ, և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն այն նախկին հանրապետությունը չէ, ոչ էլ աշխարհն է այն նախկին աշխարհը":
"Նրանք, ավելի լավ է, դա լավ հասկանան։ 1974 թվին մենք լուրջ զենք չունեինք։ Մենք եկանք այս կղզի ՝ ուրիշների տրամադրած զենքով, որպեսզի խաղաղություն բերենք։ Այսօր Թուրքիան գերազանցում է այն ժամանակներին։ Թուրքիան դարձել է աշխարհի ծագող աստղ՝ իր ինքնատիպ մշակումներով եւ պաշտպանական արդյունաբերության տեղական արտադրությամբ", - պարծեցել Է Էրդողանը, հավելելով, որ Թուրքիան ԱԹՍ-ների արտադրության համաշխարհային առաջատարների եռյակում է։