
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հվանություն է տվել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիան (ԱԴԵԿ) գլոբալ գործընկերություն է, որը նպատակ ունի բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի հանդեպ, ինչն ուղղակիորեն կապված է աղետների ռիսկի նվազեցման (այսուհետ՝ ԱՌՆ) Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ։ Այն աջակցում է կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ ամրացնելով ծառայությունների մատչելիությունը և նվազեցնելով ռիսկերը։ Այս առումով, այն անմիջական առնչություն ունի ԱՌՆ-ի ազգային ռազմավարության և նրա գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների որակյալ և արդյունավետ իրականացման հետ։
ԱԴԵԿ-ն ընդգրկում է ազգային կառավարություններ, ՄԱԿ-ի գործակալություններ, մասնավոր հատված, գիտական և կրթական հաստատություններ։ ԱԴԵԿ-ի գործունեությունը ղեկավարվում է Հնդկաստանի Նյու Դելիում գտնվող քարտուղարության միջոցով, որն աջակցում է ռազմավարական ծրագրերի իրագործմանը, ներառյալ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ և կարողությունների զարգացում։
ԱԴԵԿ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս այն սկզբունքներին, որոնք ուղղված են ամենախոցելի բնակչությանը, ազգային ու տեղական առաջնահերթություններին և ռիսկերի համակողմանի նվազեցմանը։ Այն կազմակերպում է համաշխարհային մակարդակի գիտելիքների փոխանակում, աջակցում տեխնոլոգիական նորարարություններին և նպաստում կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
ԱԴԵԿ-ի կառավարման համակարգը ներառում է ղեկավարների խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ ԱԴԵԿ-ի ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների և բազմակողմ դոնորների միջոցով, ներառյալ քարտուղարության և հավատարմագրային հիմնադրամների միջոցով։
ԱԴԵԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ներառյալ տեխնիկական աջակցության, հետազոտությունների, քարոզչական արշավների և գործընկերային համագործակցությունների խթանում։ Այս գործողությունները նպատակ ունեն մեծացնել դիմակայունությունն աղետների դեմ և աջակցել անդամ երկրներին ենթակառուցվածքի կայունացման գործում։
Հիմնված լինելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ԱՌՆ հարցերով հատուկ ներկայացուցիչ պարոն Կամալ Կիշորի անմիջական մասնակցությամբ՝ այս համեմատաբար երիտասարդ կոալիցիան աղետների ռիսկի կառավարման և դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ բացառիկ հարթակ է, որին միանալու Հայաստանի Հանրապետության կողմից ստացված առաջարկը պարոն Կիշորը սատարել է 2024 թվականի նոյեմբեր ամսին Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ԱՌՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պլատֆորմի ընթացքում։ Ավելի վաղ, Կորեայի Ինչեոն քաղաքում ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կազմակերպած դասընթաց-աշխատաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին ԱԴԵԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքային հիմնական գործիքակազմերը, ճշգրիտ տվյալների հավաքագրման, մշակման, նորարարական մոտեցումների կիրառման արդյունավետ համակարգերը, որոնք կարող են հայաստանյան ԱՌՆ գործընթացների համար լինել և ուսանելի, և կիրառելի՝ միաժամանակ լայն հնարավորություններ ստեղծելով գիտատեխնիկական համագործակցության և ենթակառուցվածքների բարելավման համար։
Հաշվի առնելով, որ ԱԴԵԿ-ին միացած անդամների ներդրումները կամավոր են և կարող են իրականացվել նաև ոչ ֆինանսական ձևաչափով՝ ժամանակակից ԱՌՆ մարտահրավերների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը անդամակցությունը գտնում է նպատակահարմար։