Արմինֆո. "Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը" հետամուտ է լինելու Քննչական կոմիտեից մեկուսարան տեղափոխելիս Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը թույլ տված ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն:
«Հիմք ընդունելով ուրբաթ օրը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։
Միաժամանակ վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս մեկ տարի առաջ։
Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար», - ասվում է "Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության" հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել էր "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ քաղաքային ավտոբուսներից մեկում վիճաբանությունից հետո: Ձերբակալման գիշերը Քննչական կոմիտեից մեկուսարան տանող ճանապարհին Վարդանյանին դաժան ծեծի էին ենթարկել դիմակավորված 3 անհայտ անձ։ Նրա փաստաբանների ասելով՝ ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան և դուրս եկել՝ կարիքները հոգալու պատրվակով ։ Ոստիկանների բացակայության պայմաններում դիմակավորված անհայտ անձինք բերման ենթարկված Վարդանյանին դուրս են բերել մեքենայից, ծեծի ենթարկել ու նվաստացնել։