Արմինֆո. Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ են զետեղել Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ , ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ավարտին հնչել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
Աղբյուրի համաձայն, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել նաեւ Փարիզի 9-րդ շրջանում:
Ապրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը։
Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ, միջոցառման համակազմակերպիչ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի այլ անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։