Արմինֆո.Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կլաուդիա Բուշը:
ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, այցի նպատակը Գերմանիայի Դաշնության նախագահի՝ Հայաստան այցից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր: Համագործակցության հուշագրով նախատեսվում է դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի տեքստերի գերմաներեն թարգմանությունը և գործարկումը, ինչպես նաև թանգարանի ցուցադրության պատկերագրքի գերմաներեն թարգմանությունը և հրատարակումը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին, նշելով, որ այս համագործակցության շնորհիվ այսուհետ թանգարանի գերմանախոս այցելուներին կմատուցվի որակյալ տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին: Էդիտա Գզոյանը դեսպանին նվիրել է ՀՑԹԻ նախկին, ներկայումս` Լեփսիուսհաուսի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի «Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն․ Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելութոյւնների պատմությունը 1896-1919 թթ․» գերմաներեն գիրքը: Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՑԹԻ տնօրենին՝ ջերմ ընդունելության համար` կարևորելով ձևավորված համագործակցությունը: