Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանհաղորդագրության համաձայն, նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։
«Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ։
Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը։
Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ արտահանվող ապրանքների մաքսային արժեքը 2024թ. առաջին կիսամյակում աճել է 89% - ով ՝ գերազանցելով 1 մլն դոլարը, ընդ որում, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն աճել է մի քանի անգամ՝ կազմելով 246.6 հազար դոլար: