Արմինֆո. Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում:
Այցի շրջանակում ՆԳՆ պատվիրակությունը այցելել էր Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի գործակալության Կեռավա քաղաքի կենտրոն, որտեղ ուսումնասիրվել են Գործակալության գործառույթնեը, գործունեության սկզբունքները, Կեռավա քաղաքում գործող Արտակարգ իրավիճակների արձագանքման 112 կենտրոնի գործունեությունը, զանգերի ուղղորդման կարգը, օպերատորների ստանդարտ օպերացիոն գործողությունները, տեխնիկական լուծումները, ծրագրային ապահովվածությունը, բնակչության ազդարարման համակարգը, կենտրոնի կոմից կազմակերպական-վերլուծական աշխատանքները, օպերատորների վերապատրաստման գործընթացը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։
Պատվիրակությունը մասնակցել է նաև Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգերի եվրոպական ասոցիացիայի (EENA) կազմակերպած ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ահազանգերի ընդունման տեխնոլոգիական նորարարական լուծումներ, ուսումնասիրվել տարբեր երկրներում գործող ահազանգման ավտոմատացված տեղեկատվական համակարգերը։
Համաժողովի շրջանակներում ՆԳՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ESRI, SS8, FREQUENTIS, Motorola, որոնք մասնագիտացված են Արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում կարողությունների զարգացման գործում։ Արդյունքում՝ մի շարք նորարական լուծումներ կկիրառվեն ՀՀ ներքին գործերի նախարարությունում նոր ձևավորվող միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման գործընթացում։