Արմինֆո. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում՝ նաև ես, որևէ կաշկանդվածություն չունենք։ Այդս մասին ապրիլի 22-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում այն բանում, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընթրիք է կազմակերպում, որին մասնակցելու համար պատրաստվում է գործարարներից 1-ական մլն դրամ հավաքել, եւ արդյոք կոմիտեն լիազորություն ունի "Իմ քայլը" հիմնադրամի ստուգման մասով, թե որոշակի կաշկանդվածություն կա:
"Եթե հանցագործության մասին տեղեկություններ ենք ստանում, համապատասխան գործողություններ են իրականացվում՝ օպերատիվ-հետախուզական գործունեության գործիքակազմի կիրառման կամ քրեական դատավարության օրենսդրության շրջանակներում համապատասխան վարույթ նախաձեռնելու միջոցով", - նշել է նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ լրագրողների կողմից բարձրացված հարցին, ապա, ըստ կոմիտեի ղեկավարի, ինքը չի հասկանում, թե ինչ նկատի ունեն, և ինչ դեպքի մասին է խոսքը: Լրագրողը հստակեցրել է. "ԶԼՄ-ներում գրում են, որ 1 միլիոն դրամով հարկադիր ընթրիք է կազմակերպվել։ Դրանում կա՞ կոռուպցիոն բաղադրիչ, թե՞ ոչ":
"Ամեն դեպքում, և Գլխավոր դատախազությունը, և Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար մշտադիտարկում են իրականացնում, այդ թվում՝ ուսումնասիրում մամուլի հրապարակումները: Եվ եթե գտնում է, որ հանցագործության մասին տեղեկություն կա, ապա իրականացվում է համապատասխան վարույթ", - հայտարարել է Արթուր Նահապետյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն շատ օպերատիվ է արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին, և ճիշտ նույնքան հապաղում է, երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, Նահապետյանը նշել է, որ ընդամենը մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Նա ժամանակ է խնդրել, որպեսզի հասցնի ծանոթանալ գործերին ՝ խոստանալով հետո պատասխանել տրված հարցերին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Նահապետյանը նախարարների կաբինետի կողմից նշանակվել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ ս. թ. մարտի 20-ին: