Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ատելության խոսք չեն տարածում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հանդեպ։ Այդ մասին ապրիլի 21-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրականում տեղահանվածների խնդիրը փորձում է իր նպատակների համար օգտագործել ընդդիմությունը՝ իրեն պատկանող ԶԼՄ-ների միջոցով շրջանառության մեջ դնելով ամեն տեսակ պնդումներ և այդ հիմքերի վրա կառուցելով իր վարկածները։ Ընդդիմության գործողությունները միանգամայն ակնհայտ են, կարծում է խորհրդարանականը, հավելելով, որ Ղարաբաղի հայերի շրջանում միտք է մտցվում իշխանությունների կողմից նրանց նկատմամբ ատելության և թշնամանքի մասին, որպեսզի հետո նրանց ներուժն ուղղեն նույն իշխանության դեմ։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դրոշի բարձրացմանն ուղղված գործողություններին, ապա, ըստ Ալեքսանյանի, դա արվում է նրա համար, որպեսզի աստիճանաբար ԼՂՀ դրոշը փոխարինվի Ռուսաստանի դրոշով՝ Հայաստանի դրոշի փոխարեն: Դրա վառ ապացույցն է Գյումրիի նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրինակը, որն արդեն երդմնակալության հաջորդ օրը հայտարարեց Ռուսաստան - Բելառուս միությանը Հայաստանի միանալու հնարավորության մասին։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հենց ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղում փոխել է իշխանությունը, վերացրել ԼՂՀ-ն, իսկ հետո փորձել է Լեռնային Ղարաբաղի էջը փակելու ողջ մեղքը բարդել Հայաստանում գործող կառավարության վրա: "Ընդհանուր առմամբ, ընդդիմության քաղաքականությունը կեղծարարությունն է և, ևս մեկ, անգամ կեղծիքները։ Այն ուղղված է Ղարաբաղի հայերի թեման իրենց քաղաքական նպատակների համար օգտագործելուն", - հայտարարել է իշխանական կուսակցության պատգամավորը։