Արմինֆո. Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը: Երդման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում:
Երդմնակալության արարողությունը սկսվել է աղոթքով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Բացման արարողությանը մասնակցել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Իր խոսքում Վարդան Ղուկասյանը, մասնավորապես, նշել է. <Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս հետեւել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը և գործել ի բարօրություն նրա բնակիչների: Ես պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և ունեցվածքը, իմ անձնուրաց նվիրումով պահպանել մարդկանց հավատը և նպաստել նրա բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու հոգևոր վերելքին>:
Շիրակի թեմի առաջնորդի ելույթից հետո Վարդան Ղուկասյանի պարանոցին կախել են իշխանության խորհրդանիշ ծանր շղթան, ինչպես նաև հանձնել են քաղաքի խորհրդանշական բանալիները:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առավել թվով ձայները էր հավաքել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը (35,47 տոկոս), սակայն այդ տոկոսը բավարար չէր, որպեսզի քաղաքը գլխավորեր ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը: Միավորված ընդդիմությունը միասնական թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս ՀԿԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանի, ով ստացել էր 18,41 տոկոս: Ապրիլի 16-ին Գյումրու ավագանու առաջին նիստից առաջ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն բոյկոտում է նիստը, և պահանջել էր նոր, արտահերթ ընտրություններ անցկացնել: Այդուհանդերձ, ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետի պաշտոնում (1999-2012թթ.), 13 տարի անց կրկին ընտրվեց Գյումրու քաղաքապետ: Ղուկասյանի օգտին քվեարկել են Գյումրու ավագանու նիստին ներկա բոլոր 18 անդամները: