Արմինֆո. Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ մասին հաղորդել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ «տելեգրամի» իր էջում։
«Ֆիլմաշարի առաջին մասում գրված է. «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում…»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթողական ծրագրերը մեր պետության հանդեպ, որոնք կանխելի են խելացի ու կազմակերպված աշխատանքի դեպքում միայն», - գրել է Հայրապետյանը։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի և պատմության կեղծարարությունները սրանով չեն ավարտվում։ Հայկական ժառանգությունն արմատախիլ անելու քաղաքականությունը շարունակվում է, նույնիսկ, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին։ Ավելին, ագրեսիվ հայտարարությունները, նոր պահանջները և հայոց պատմության նենգափոխման շարունակականությունը միայն ուժեղանում են Հայաստանի նոր զիջումների ֆոնին։ Ադրբեջանում շարունակվում են կոնֆերանսները, որոնց ժամանակ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք, մինչդեռ, Արցախի օկուպացված տարածքներում ամբողջությամբ ջնջվում է հայկական հետքը. ոչնչացվում են մշակութային հուշարձանները, գերեզմանները, եկեղեցիները և ենթակառուցվածքները: