Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել համագործակցության գործառնական հիմք՝ բնապահպանական այնպիսի նախաձեռնությունների իրականացման համար, որոնք ուղղված են կենսաբազմազանության պահպանմանը՝ էկոհամակարգերի խթանման և հողօգտագործման կայուն պրակտիկայի միջոցով; ջրօգտագործման կառավարմանը՝ հավասար հասանելիության, ռեսուրսների պահպանման և ջրով ապահովման կայուն ռազմավարությունների իրականացման միջոցով; ագրոանտառային պիլոտային ծրագրերի ներդրմանը՝ գյուղատնտեսության արտադրողականության և էկոհամակարգերի առողջության բարձրացման նպատակով; կլիմայի փոփոխության ազդեցություններին համայնքների հարմարվողականության և մեղմման ուղղությամբ ծրագրերի նախագծմանն ու իրագործմանը; բնահեն լուծումների ոլորտում միջազգային փորձի տեղայնացմանը, ՇՄՆ աշխատակիցների վերապատրաստմանն ու ցուցադրական նախագծերի իրականացմանը։
Ստորագրված հուշագրով կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ապագայում ձևակերպել կոնկրետ գործողությունների ծրագրեր՝ ըստ առկա ռեսուրսների և համատեղ մշակվող առանձին համաձայնագրերի։
«Մենք խորապես կարևորում ենք այս հուշագիրը որպես ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլ նաև ընդհանուր պատասխանատվության և ապագային միտված բնապահպանական գործընկերության խորհրդանիշ։ Համայնքներում դիմակայունության ամրապնդումը պետք է դառնա մեր բնապահպանական քաղաքականության առանցքը, և մենք ուրախ ենք, որ այդ ճանապարհին ունենք հուսալի և փորձառու գործընկեր»,-նշել է նախարարի տեղակալը։
ՄԱԿ-ի ՊՀԾ-ն՝ որպես աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություն, տեսնում է կլիմայական կայունությունն ու բնության պաշտպանությունը որպես պարենային անվտանգության, աղետների կանխարգելման և համայնքների զարգացման անբաժանելի մաս։
Հուշագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսում է պարբերական խորհրդակցություններ՝ իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ռազմավարության ճշգրտման նպատակով։