Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը, ռուսական կողմը հաստատել է Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանն այսուհետ ևս աջակցելու պատրաստակամությունը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման կարևոր գործոն է:
Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
"Քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ "3+3" տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)", - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, հավելելով, որ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին կարգավորման գործընթացի հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երկու տարվա ընդմիջումից հետո թուրք-հայկական սահմանին անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական: Հավելենք, որ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ։
Պայմանավորվել էին նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու շուրջ, և որոշում էին կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ: