Արմինֆո. Այս տարի ևս մեկ անգամ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, որը հղի է հայկական ամբողջության գոյատևման սպառնալիքներով: Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի Facebook-յան գրառման մեջ:
«Արցախը ազգաբնակչությունից ռազմական ճանապարհով դատարկելուց մեկ տարի անց՝ հիմնովին իրականացված էթնիկ զտումների գործողությունից հետո, ադրբեջանական բռնապետությունը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ հայկական պետության գոյության վրա:
Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ ծրագրված և իրականացվող այս գործողությունները պանթուրքիստական նախագծերի վերածննդի մաս են կազմում: Դրանք այն նույն նախագծերն, որոնք 1915 թվականին հանգեցրին մեկուկես միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը։
Հարյուր տասը տարի անց ադրբեջանական բռնապետությունը և թուրքական ինքնավարությունը, հեռու լինելով այս աննկարագրելի ոճրագործությունը ճանաչելուց և դատապարտելուց, շարունակում են ժառանգություն ստացած այդ քաղաքականությունը՝ պետական մակարդակով նպաստելով ժխտողականությանը և Հայաստանի ժողովրդավար Հանրապետության նկատմամբ թշնամական ու վտանգավոր վերաբերմունքի ամրապնդմանը:
Այս իրավիճակը, որն ավելի բարբարոսական է, քան քաղաքակիրթ, ոչ միայն վրդովմունք է Ցեղասպանության զոհերի հիշատակին, սպառնալիք Հայաստանի գոյության իրավունքին, այլ նաև մարտահրավեր է մեր հումանիստական և ժողովրդավարական արժեքների համակարգին։
Ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի, ի պաշտպանություն հայ ազգի դեռևս վտանգված իրավունքների, Արցախից փախստականների վերադարձի իրավունքի, պատանդների ազատ արձակման, հանուն արդարության և մարդկային արժանապատվության, CCAF-ը կոչ է անում վերապրածների բոլոր ժառանգներին, Հայաստանի բարեկամներին և Ֆրանսիայի ազգային մեծամասնությանը՝ մասնակցել Փարիզում 2025թ. ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումներին....», - գրել է Փափազյանը: