Արմինֆո. Կյանքից հեռացել են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության "Արգելոցապարկային համալիր" ՊՈԱԿ-ի Ստեփանավանի "Սոճուտ" դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։
«Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։
Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 2006 թ․՝ ԵՐՃՇՊՀ դոկտորանտուրան։ 1981-1988 թթ․ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ֆակուլտետում՝ միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից էր։ 1991-1994 թթ․ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչն էր։
Դասավանդում էր Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։
Արտակ Ղուլյանի նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, նա կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։
Արտակ Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։
ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արտակ Ղուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին», - ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Վիտալի Լեոնովիչի մահվան մասին հաղորդել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Շրջակա միջավայրի նախարարության անձնակազմը ցավակցում է Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան ու գնահատել նրա նվիրվածությունը։ Նրա անունը մշտապես կապված կմնա հայ բնապահպանության պատմության հետ՝ որպես օրինակելի անձնավորություն, ով իր ողջ կյանքը նվիրեց բնությանը՝ անաղմուկ, բայց հաստատակամ քայլերով», - ասվում է հաղորդագրությունում։