Արմինֆո. Սլովենիան աջակցել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանին օգնություն տրամադրելու վերջնական առաջարկին: Այդ մասին հայտարարել է Սլովենիայի վարչապետի տեղակալ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ Երեւանում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Սլովենիան աջակցել է այդ որոշմանը, որպեսզի աջակցի Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին: "Այո, մոտեցումը պետք է լինի կոնսենսուսային։ Բայց մենք Սլովենիայում հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը և ուժեղ աջակցություն ցուցաբերել", - ասել է Ֆայոնը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու նախաձեռնությունը։
Միրզոյանն, իր հերթին, նշել է, որ 10 մլն-ը ենթադրում էր նախորդ տարվա աջակցության ծրագիրը, իսկ այս տարի գումարը մի քանի անգամ ավելի է։ Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով օգնություն տրամադրելու հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, հույս հայտնելով, որ արդյունքը դրական կլինի:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը 2024 թվականի հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցության պատմության մեջ առաջին միջոցը՝ 10 միլիոն եվրոյի չափով ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով։
Օգնության այս միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, ինչպես նաև նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիության խթանմանը՝ միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում: Կոնկրետ ՝ օգնության ընդունված միջոցը թույլ կտա ապահովել վրանային ավանի լիարժեք տեղակայում գումարտակային ստորաբաժանման համար։ Եվրահանձնաժողովում նշել են, որ այսօր ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա եւ ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը:
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին ՝ ֆինանսավորելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում գործողությունները, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել երրորդ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները՝ կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ: