Արմինֆո. Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր