Արմինֆո. Գյումրու ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որում կներկայացնի իր դիրքորոշումը ավագանու աշխատանքներին իր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այժմ ոչ մի իմաստ չունի որևէ մեկնաբանություն անել խմբակցության հետագա քայլերի վերաբերյալ, որոնք երկրի կենտրոնական իշխանությունների իրավասությունից դուրս են: Սիմոնյանը միանգամայն նորմալ է համարում այն իրավիճակը, երբ առավել ձայներ հավաքած երկու խմբակցությունները կընտրեն Հայաստանի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետին: Մնացած բոլոր տարբերակները դուրս են տրամաբանությունից, ինչը կարող է բացասական դեր ունենալ քաղաքում բարեփոխումների ծրագրերի շարունակման գործում: "Ես չեմ կարծում, որ կոալիցիան մեկ օրով կամ մեկ գիշերով կկարողանա ապահովել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Ես Վարդան Ղուկասյանի վերաբերյալ իմ դիրքորոշումը (ՀԿԿ ներկայացուցիչը - խմբ.) արդեն հնչեցրել եմ և մտադիր չեմ այն փոխել", - ասել է ԱԺ խոսնակը, հիշեցնելով իր նախկին հայտարարությունը, որ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պետք է նստի բանտում։ ԱԺ նախագահն ընդգծել է, որ կան հարուցված քրեական գործեր, որոնք վաղ թե ուշ ավարտին կհասցվեն:
Նշենք, որ ապրիլի 16-ին պետք է տեղի ունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը: Սույն թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Գյումրիում հաղթել է իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, որը հավաքել է ձայների 35,47 տոկոսը, սակայն այդ տոկոսը բավարար չէ, որպեսզի քաղաքը քաղաքապետ ստանա, քանի որ միավորված ընդդիմությունը որոշել է միասնական թեկնածու առաջադրել ՝ ի դեմս Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանի, որը ստացել է ձայների 18,41 տոկոսը: "Մեր քաղաքը" դաշինքը հավաքել է 16,04 տոկոս, որը նույնպես որոշել է աջակցել ՀԿԿ-ի ներկայացուցչին: