Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վատիկանի արևելյան կաթոլիկ եկեղեցիների դեպարտամենտի ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիին ուղղված իր նամակում խորը ցավ և բողոք է հայտնել "Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն" խորագրով գիտաժողովի առնչությամբ, որը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում:
Ինչպես հաղորդում է Կիլիկիո Տան մամլո գրասենյակը, Նորին սրբությունը նշել է, որ այդ գիտաժողովի միակողմանի կազմակերպումը, թեմատիկան և բանախոսների ընտրությունը, հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող, հայ ներկայացուցիչների իսպառ բացակայության պայմաններում, աղաղակող անարդարություն է և պատմական ճշմարտության խախտում:
Արամ Ա-ն կարդինալ Գուջերոտիին հիշեցրել է, որ քրիստոնեության առաջին դարերից ի վեր սերտ կապեր են եղել հայկական և ալբանական եկեղեցիների միջև, և ՀԱԵ-ն ակտիվ և կազմակերպված կերպով ներկայացված է եղել Արցախում՝ ընդհուպ մինչև մեր օրերը: Նույն նամակում կաթողիկոսը հիշեցրել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախահայության բռնի տեղահանման մասին՝ նրանց ցեղասպան քաղաքականության շրջանակներում: