Արմինֆո. Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն այս համատեքստում կարևորել է նաև Աֆրիկյան միությունում Անգոլայի նախագահության ակտիվ դերակատարումը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ շեշտելով Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու, այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում համագործակցության, ինչնաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Նույն օրն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։
Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ նոր՝ առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի ու հեռանկարների շուրջ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետևաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև դրա՝ լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի։