Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ "Ոչ, այդ կապակցությամբ առաջընթաց չկա", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է դիվանագետը լրագրողներին:
Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունների ժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել գործընթացը և շփման մեջ է Հայաստանի հետ, սակայն այս պահին բանակցությունների կոնկրետ ժամկետ նախանշված չէ:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է APA-ն, Քըլըչը նաև նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը:
Նա հաղորդել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում:"Մենք վերջերս շփումներ ենք ունեցել Ռուբեն Ռուբինյանի հետ (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ - խմբ.), սակայն հաջորդ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ":
Քըլըչը մեկնաբանել է նաև այն հարցը, թե արդյոք Թուրքիան պահանջ է ներկայացրել Հայաստանին սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար. "Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարություն է արել սահմանադրության փոփոխության վերաբերյալ: Այդ համատեքստում Հայաստանն անհրաժեշտ փոփոխություններ կկատարի իր սահմանադրությունում"։
Իսկ այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպում։ Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ հանդիպումը դրական էր:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին կարգավորման գործընթացի հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երկու տարվա ընդմիջումից հետո թուրք-հայկական սահմանին անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Հավելենք, որ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում ։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել են անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ։ Պայմանավորվել են նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, և որոշում են կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ: