Արմինֆո. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ինչպես հաղորդում է ԱՊՀ մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Նշվում է, որ այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման գործում ԱՊՀ մասնակից պետությունների 2026 - 2030թթ. համագործակցության ծրագրի նախագիծը:
Բացի այդ, ընդունվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին առընթեր ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի մասին դրույթը, հավանության է արժանացել ԱՊՀ կամավորների ֆորումի մասին կառավարությունների ղեկավարների որոշման նախագիծը, ամփոփվել են ԱՊՀ շրջանակներում բազմաստիճան միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագրի և 2024 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված գործողությունների ծրագրի կատարման արդյունքները ։
Հավանության է արժանացել նաև մինչև 2030 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության վերահսկման և գնահատման միասնական համակարգի զարգացման հիմնական ուղղությունների և միջոցառումների նախագիծը:
"Ռուսական երկու հաստատությունների շնորհվել Է ԱՊՀ բազային կազմակերպությունների կարգավիճակ, հավանության է արժանացել "Անկախ պետությունների համագործակցությունում զբոսաշրջության զարգացման համար" ԱՊՀ կրծքանշանի ստեղծման մասին կառավարությունների ղեկավարների որոշման նախագիծը, հավանության են արժանացել Համագործակցության շրջանակներում չորս միջազգային պայմանագրերի նախագծերը", - հավելել են ԱՊՀ մամուլի ծառայությունում:
Նշվում է նաև, որ ընդունված փաստաթղթերից մի քանիսը կփոխանցվեն պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը:
Նշենք, որ Հայաստանը միջոցառմանը ներկայացնում էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: