Արմինֆո. Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվել։ Այդ մասին ապրիլի 10-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
Ընդ որում, նա հաղորդել է, որ այժմ ինտենսիվ աշխատում են ՀՀ սահմանադրության տեքստի վրա, այլ ոչ թե՝ հայեցակարգի, քանի որ վերջինի առնչությամբ վերջին 2-3 տարիներին հսկայական աշխատանք են կատարել։ Արդյունքում՝ կազմվել է հայեցակարգային փաստաթուղթ։ Իսկ նոր սահմանադրության տեքստը, ինչպես նշել է Դադունցը, վարչապետի հանձնարարականի համաձայն, պետք է ավարտվի մինչև 2026թ. ընտրությունները: Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին ՝ վերջինի կողմից քննարկելու և դիտողություններ անելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում:
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջներին և մտահոգություններին, փոխնախարարը նշել է, որ համակարծիք է ՀՀ սահմանադրական դատարանի վերջին որոշմանը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն հակասում ՀՀ սահմանադրության մեկնաբանությանը:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ սահմանադրությունը չպետք է սպառնալիք ներկայացնի խաղաղ գործընթացին, փոխնախարարը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նախարարը նկատի է ունեցել այն, որ փաստաթղթում չպետք է պարունակվեն դրույթներ, որոնք կարող են լուրջ իրավաքաղաքական ցնցումներ առաջացնել:
Միաժամանակ , Դադունցն ընդգծել է, որ հանրության կողմից նոր սահմանադրության լեգիտիմությունը չպետք է կասկածի տակ դրվի: "Քանի որ սահմանադրությունը ցանկացած պետության հիմքն է", - նշել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գործող սահմանադրության մի շարք թերությունների մասին, որոնք ի հայտ են եկել հատկապես ճգնաժամային կառավարման ժամանակ։ Նա նաև հայտարարել էր, որ անհրաժեշտ է քննարկել սահմանադրության փոփոխությունները, այդ թվում՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հնարավորությունը: 2022 թվականի հունվարի 27-ին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ։ Նույն թվականի նոյեմբերին խորհուրդը կողմ է արտահայտվել Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևի պահպանմանը։ 2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: ՀՀ վարչապետի ընդդիմախոսները հայտարարել են, որ նախաձեռնությունը գալիս է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետը, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Օգոստոսի վերջին ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության շրջանակում, նախատեսվում է անցկացնել 2027 թվականին:-