Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում, 1 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը, 430 միլիոն 380 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: