Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները 2025 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում կստանան լրացուցիչ սոցիալական վճարներ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշման նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է:
Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40 000 դրամ՝ գումարած 10 000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55 000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50 % բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15 000 դրամից։